Մաքսային ծառայողի վարքագծի կանոնները
Հավելված
   ՀՀ ՊԵԿ նախագահի
 «07» նոյեմբերի 2008թ.
     թիվ 160-Ա հրամանի

ԿԱՆՈՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողի
էթիկայի

Նպատակ
 
Փաստաթղթի նպատակն է պաշտոնական գործառույթների իրականացման ընթացքում ուղղորդել մաքսային ծառայողի վարքագիծը իր վարվելակերպում և պարտականությունների կատարման մեջ` սահմանելով դրանց գծով նվազագույն պահանջներ, ինչպես նաև իրազեկել քաղաքացիներին, թե ինչպիսի պահվածք պետք է ակնկալել մաքսային ծառայողից:
 
Ծառայողական էթիկա
 
ՀՀ մաքսային ծառայողի ծառայողական էթիկան հիմնվում է բարոյականության նորմերի վրա, ինչպիսիք են` ազնվությունը, անկողմնապահությունն ու անաչառ վերաբերմունքը, օրինապահությունն ու կարգապահությունը, բարեխղճությունն ու համբերատարությունը, ճշտապահությունն ու կազմակերպվածությունը և պատասխանատվության զգացումները:
 
1. Մաքսային ծառայողը պետք է.

1.1 ցուցաբերի անմնացորդ հավատարմություն և նվիրվածություն Հայաստանի Հանրապետությանը, հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշերը (դրոշը, զինանշանը, օրհներգը) և պետական լեզուն,
1.2 իր պաշտոնական պարտականությունները կատարելիս առաջնորդվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով,
1.3  հրաժարվի կատարել օրենքին հակասող հանձնարարություններ, պահպանի և բարձրացնի մաքսային ծառայության հեղինակությունը,
1.4 արժանապատվորեն կատարի իր պարտականությունները և ունենա պատասխանատվության զգացում,
1.5 ունենա բարձր մասնագիտական պատրաստվածություն և մշտապես զբաղվի ինքնազարգացմամբ,
1.6 կայացրած որոշումներում պահպանի բարոյական նորմերը,
1.7 աշխատանքային հարաբերություններում ցուցաբերի հարգալից վերաբերմունք գործընկերների իրավունքների, հետաքրքրությունների, պատվի և արժանապատվության հանդեպ,
1.8 իր պարտականությունները կատարելիս չոտնահարի մարդկանց իրավունքները, ինչպես նաև պահպանի հարգալից վերաբերմունք, ցուցաբերի ներողամտություն և շրջահայացություն այլ ազգի, կրոնի, մշակույթի և հակառակ սեռի ներկայացուցիչների, իրենից տարիքով մեծ կամ փոքր մարդկանց նկատմամբ,
1.9 այլ անձանց չառաջարկի որևէ ծառայություն` կապված իր պաշտոնեական դիրքի հետ, եթե նա չունի դրա օրինական իրավունքը,
1.10 խուսափի մաքսային ծառայողի վարքագիծը վարկաբեկող հարաբերություններից, դրսևորի իրեն այնպես, որ աշխատանքից դուրս գործունեությունը և անձնական վարքը լինեն անխոցելի,
1.11 ունենա իրավիճակը հանգիստ ձևով կարգավորելու ունակություն, երբ տեղի են ունենում անօրինական գործողություններ կամ սադրանքներ,
1.12 աշխատանքային գործունեության ընթացքում և առօրյա կյանքում էթիկայի կանոնների պահպանմամբ նպաստի մաքսային համակարգի նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը, մաքսային ծառայության բարի համբավի պահպանմանը:
1.13 չչարաշահի  հաստատված գործնական կապերը անձնական շահերի համար,
1.14  ձեռնպահ մնա մաքսային ծառայության քաղաքականության կամ գործողությունների վերաբերյալ լրատվամիջոցներով պաշտոնական մեկնաբանություններ կատարելուց, եթե չի ստացել իրավասու վերադասի համաձայնությունը,
1.15 չհրապարակի, չքննարկի կամ այլ կերպ չտարածի աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները (բացառությամբ ՀՀ օրենքներով նախատեսված դեպքերի), ինչպես նաև չօգտագործի նման տեղեկությունները շահադիտական նպատակներով,
1.16 մաքսային ծառայության անվտանգ գործունեությունն ապահովելու նպատակով անվերապահորեն պահպանի ծառայո¬ղական տեղեկությունների գաղտնիությունը,
1.17 իր իրավասությունները բարդ ձևով չներկայացնի կամ չփորձի դրանք անհարկի կարևորել,
1.18 աշխատանքի հաճախի բարեխղճորեն և մշտապես գտնվի աշխատանքի վայրում աշխատանքային ժամերին, եթե բացակայելու հարգելի պատճառ չկա,
1.19 չնպաստի իրավախախտման չբացահայտմանը կամ իրավախախտի կողմից պատասխանատվությունից խուսափելուն,
1.20 այլ անձանցից չստանա նվերներ, գումարներ կամ ծառայություններ` իր ծառայողական պարտականությունների համար, խուսափի ցանկացած տեսակի հովանավորչությունից և ծառայության ընթացքում օգտագործի միայն բարոյական միջոցներ` նպատակին հասնելու համար,
1.21  չիրականացնի այնպիսի գործողություն, որ միտումնավոր խոչընդոտի իր իրավասությունների կատարմանը կամ անհարկի սպասեցնի քաղաքացիներին աշխատանքային ժամերի ընթացքում,
1.22 չկատարի վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Նման աշխատանքներ իրակնացնելու դեպքում նա պարտավոր է դրա մասին տեղյակ պահել վերադաս մաքսային մարմնի ղեկավարին:
1.23 իր պարտականությունների կատարման ժամանակ շահերի բախման խնդիր առաջանալու դեպքում դրա մասին նախապես տեղյակ պահի իր վերադասին,
1.24 չձգտի ստանալ այնպիսի տեղեկատվություն, որն իր աշխատանքային պարտականությունների շրջանակից դուրս է:
 
Կորպորատիվ էթիկա
 
ՀՀ մաքսային ծառայողի ծառայողական էթիկան հիմնվում է այնպիսի նորմերի վրա, ինչպիսիք են մաքսային ծառայության ամբողջականության գիտակցումը և սեփական շահերը կազմակերպության շահերին համապատասխանեցնելու պատրաստակամությունը:

2. Մաքսային ծառայողը պետք է.

2.1  մասնակցի ՀՀ մաքսային ծառայության կողմից կազմակերպվող կոլեկտիվ միջոցառումներին` պահպանելով արարո¬ղակարգերի համընդհանուր պահանջները,
2.2 բարձր գնահատի կոլեկտիվի աշխատանքը, ունենա պարտքի զգացում և պատասխանատվություն կատարած աշխատանքի հանդեպ, ցուցաբերի ընդհանուր հաջողությունները և անհաջողությունները կիսելու պատրաստակամություն,
2.3 չկատարի անօրինական քայլեր, անբարոյական արարքներ, չընդունի անպատասխանատու որոշումներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ մաքսային ծառայությունում աշխատանքի վերաբերյալ պատկերացումների վրա,
2.4 հարգալից վերաբերմունք ցուցաբերի գործընկերների կարծիքի նկատմամբ,
2.5 իր պարտքը համարի` օգնել երիտասարդ աշխատակիցներին մասնագիտական հմտու-թյուններ ձեռք բերելու գործում,
2.6 գործընկերների հետ հարաբերություններում ցուցաբերի մեծ պատասխանատվություն և հավասարակշռվածություն,
2.7 թույլ չտա օգտագործել իր անունը այնպիսի գործունեության մեջ, որը մաքսային ծառայողին կարող է բերել վատ համբավ,
2.8 աշխատավայրում թույլ չտա անձնական ընդհարումներ, վեճեր և բամբասանքներ,
2.9 այլ կազմակերպությունների հետ աշխատելիս հրաժարվի քննարկել մաքսային ծառայողների գործնական, մասնագիտական և անձնային հատկանիշները և համատեղ աշխատանքում ցուցաբերի առավելագույն անկախություն,
2.10 պահպանի մաքսային համակարգի լավագույն ավանդույթները և փոխանցի դրանք նոր սերնդին:
 
Գործնական վարվելակերպ (էթիկետ)
 
ՀՀ մաքսային ծառայողի գործնական վարվելակերպը հիմնվում է վարվելակարգի այնպիսի կանոնների, սովորությունների և նորմերի վրա, որոնք կարգավորում են անձի վարքը:
Մաքսային ծառայողը, որպես բարեկիրթ անձ, պետք է hետևի քաղաքակիրթ հասարակության մեջ ընդունված վարվելակարգի կանոնների դրսևորման ձևերին և հիշի, որ իր արտաքին տեսքով, վարվելաձևով հասարակությունը դատում է ոչ միայն իր, այլև մաքսային ծառայության մասին:
 
3. Մաքսային ծառայողը պետք է.
 
3.1 վերաբերմունք, շրջահայացություն և  արհեստավարժություն, պահպանի գործնական ոճ և բարեհամբույր վերաբերմունք, դիմացինին փոխանցի իր դրական տրամադրվածությունը,
3.2 աշխատանքային հարաբերություններում պահպանի ենթակարգությունը և էթիկայի կանոնները,
3.3 տիրապետի հյուրերի ընդունելության կանոններին, խորհրդակցությունները պատշաճ կազմակերպելու և վարելու հմտությանը,
3.4   ծառայության չներկայանա ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ,  չօգտագործի ալկոհոլային խմիչքներ, երբ կրում է մաքսային ծառայության համազգեստ  կամ այդ համազգեստով հաճախի գիշերային ակումբներ, խաղատներ և նմանատիպ այլ վայրեր:
3.5 խնամքով վերաբերվի մաքսային ծառայության գույքին, ճիշտ և նպատակային  օգտագործի աշխատանքի համար իրեն հատկացված տեխնիկական և նյութական միջոցները, չշահագործի  դրանք անձնական նպատակների համար,
3.6 գաղտնի պահի համակարգչից կամ համակարգչային ծրագրից օգտվելու իր գաղտնաբառը, չօգտագործի չթույլատրված միջոցներ` օգտվելու իր գործընկերների համնակարգիչներից կամ համակարգչային ծրագրերից,
3.7  մաքսային ծառայության համակարգչային տեխնիկայի միջոցով ձեռք չբերի մաքսային ծառայության աշխատանքների հետ չառնչվող և աշխատանքային անհրաժեշտությունից չբխող նյութեր:
 
Էթիկայի կանոնների խախտման դեպքում մաքսային ծառայողի պատասխանատվությունը
 
Մաքսային ծառայողը պատասխանատվություն է կրում էթիկայի կանոնների չպահպանման համար:
Էթիկայի կանոնները խախտելու դեպքում մաքսային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ ներգործության միջոցները`
  • խորհուրդ, բարոյական քննադատություն,  ինչպես նաև «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը:
Էթիկայի կանոնների պահպանումը մաքսային ծառայողի բարոյական հասունության ցուցանիշներից է և հաշվի է առնվում նրա գործնական հեղինակությունը գնահատելու ժամանակ: