Բողոքարկման ընթացակարգեր
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ  ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 

1. Ո՞վ կարող է բողոքարկել

Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված որոշումները, իրականացրած գործողությունները կամ անգործությունը վարչական կամ դատական կարգով բողոքարկելու իրավունք ունեն բոլոր այն անձինք, որոնք համաձայն չեն իրենց նկատմամբ կիրառված մաքսային վարչարարական գործողությունների, ընդունված որոշումների հետ և ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքները:   


2. Ո՞ր մաքսային որոշումները կարող են բողոքարկվել

  • հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքը մաքսային մարմինների կողմից չընդունելու մասին մերժման եզրակացությունը,
  • մաքսային մարմինների կողմից որոշված ծագման երկրի հետ անհամաձայնությունը,
  • մաքսային մարմիններում վարվող մտավոր սեփականության օբյեկտների գրանցման մերժումը կամ մտավոր սեփականության օբյեկտների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից կայացված ցանկացած որոշումը,
  • մաքսային մարմինների (ծառայողների) գործողությունների կամ անգործության վերաբերյալ բողոքները,
  • հետբացթողումային հսկողության արդյունքները,
  • Մաքսային վճարների գծով վարչական տուգանք նշանակելու մասին որոշումները. 

3. Ինչպե՞ս բողոքարկել

Ներկայացված գանգատը (բողոքը) պետք է պարտադիր պարունակի հետևյալ տեղեկատվությունը. 
  • գանգատ ներկայացնող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, նրա հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, գանգատ ներկայացնող անձի անունը, ազգանունը և պաշտոնը
  • այն վարչական մարմնի անվանումը, որի վերաբերյալ ներկայացվում է գանգատը
  • գանգատարկման առարկան
  • գանգատ ներկայացնողի պահանջը
  • գանգատին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը
  • գանգատ կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը   

4. Մաքսային մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից կայացված մաքսային արժեքի որոշման հետ կապված որոշումների հետ անհամաձայնությունը

Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի չափի կամ որոշման եղանակի հետ անհամաձայնության դեպքում հայտարարատուն, մերժման եզրակացությունն ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում, կարող է բողոքարկել վերադաս մաքսային մարմին կամ դատարան: Վերադաս մաքսային մարմինը պարտավոր է 30-օրյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում և տեղյակ պահել հայտարարատուին: Բողոքարկումը չի ազատում հայտարարատուին սահմանված ժամկետներում բողոքարկման առարկայի հետ կապված պարտավորությունների կատարումից: Ընդ որում, բողոքարկման փաստը չի կարող պատճառ հանդիսանալ մաքսային վճարները սահմանված ժամկետում չվճարելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած տույժերից և տուգանքներից տարբերվող այլ պատժամիջոցների կիրառման համար:


5. Բողոքների քննումը

Գանգատարկման հանձնաժողովին գանգատ ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցվում է: Նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված անձի բացակայությունը հիմք չէ հանձնաժողովի կողմից գանգատը չքննարկելու համար: Գանգատ ներկայացնող անձը մասնակցում է գանգատարկման հանձնաժողովի նիստին, որին կարող են մասնակցել նաև գանգատ ներկայացրած անձի լիազորված անձինք:

Գանգատարկման հանձնաժողովի նախագահի որոշմամբ գանգատարկման հանձնաժողովի նիստերը կարող են լինել դռնփակ` առևտրային գաղտնիք պահպանելու անհրաժեշտության դեպքում և գանգատ ներկայացրած անձի գրավոր միջնորդության հիման վրա:

Անհրաժեշտության դեպքում Գանգատարկման հանձնաժողովն իր նիստերին կարող է հրավիրել մասնագետների և փորձագետների, գանգատարկվող գործողություն կատարած, անգործություն դրսևորած կամ որոշում կայացրած մաքսային ծառայողների:

Դիմում-գանգատները վերադաս մաքսային մարմնի կողմից քննության են առնվում, որոնց վերաբերյալ դիմում-գանգատի ընդունման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, ընդունվում են որոշումներ: 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովին ներկայացված դիմում-գանգատները քննության են առնվում կոմիտե մուտքագրվելու օրվանից հետո 15-օրյա ժամկետում, և դիմում-գանգատները, բացառությամբ վարչական տուգանքի նշանակման հետ կապված դիմում-գանգատների, մասամբ բավարարելու կամ դրանք մերժելու դեպքերում հանձնաժողովն իր որոշումների նախագծերը, դիմում-գանգատը և գանգատին առնչվող նյութերը (այսուհետ` գանգատի փաթեթ) մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է խորհրդին` նիստերի անցկացման վայրի հասցեով:


6. Վերադաս մաքսային մարմնի կողմից ընդունված որոշումները

Գանգատարկման հանձնաժողովն իրավասու է ընդունելու հետևյալ որոշումները`
  • գանգատը թողնել առանց բավարարման, իսկ ակտն` անփոփոխ
  • գանգատը բավարարել ամբողջությամբ և ակտը վերացնել
  • գանգատը բավարարել մասնակի և ակտը մասնակի վերացնել կամ փոփոխել
  • ներկայացնել միջնորդություն վերադաս մաքսային մարմնի ղեկավարին` հետբացթողումային հսկողություն իրականացնելու համար
  • ներկայացնել միջնորդություն վերադաս մաքսային մարմնի ղեկավարին` ՀՀ վարչապետին դիմելու կրկնակի հետբացթողումային հսկողություն իրականացնելու համար
Գանգատարկման հանձնաժողովը, գանգատի քննարկման արդյունքում, իրավասու է միջնորդություն ներկայացնել վերադաս մաքսային մարմնի ղեկավարին` մաքսային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու համար:


7. Դատարան բողոքարկելու իրավունքը

Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: