Մշակութային արժեքների ներմուծում ԵՎ արտահանում
Մշակութային արժեքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք և արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մշակութային արժեքների ներմուծման ժամանակ մաքսային վճարներ չեն գանձվում:

Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման ժամանակ հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացնում հայտարարագիր, մշակութային արժեքներն ու դրանց լուսանկարները (2 օրինակից): Լուսանկարների բացակայության դեպքում հայտարարատուն իր միջոցներով մաքսային հսկողության ներքո լուսանկարում է մշակութային արժեքները:

Լուսանկարները ներկայացվում են ՀՀ մշակույթի նախարարության սահմանած չափանիշներին համապատասխան:

Մաքսային մարմնի պաշտոնատար անձը մշակութային արժեքները համեմատում է լուսանկարների հետ` դրանց դարձերեսներին լրացնելով մշակութային արժեքների վրա առկա, ինչպես նաև տեսանելի (ֆիզիկապես բնութագրելի) տվյալները (տեսակը, անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, չափերը (քաշը), բաղկացուցիչ մասերի թիվը, վիճակը):

Մշակութային արժեքների առանձին տվյալների` հեղինակի, ստեղծման ժամանակի, ստեղծման վայրի, նյութի ճշգրտման անհնարինության դեպքում նշվում է “անհայտ” բառը:

Մաքսային մարմնի պաշտոնատար անձը լուսանկարների դարձերեսներին լրացված տվյալները շրջագծում է, հաստատում անձնական կնիքով և մաքսային օրենսդրութամբ սահմանված կարգով ձևակերպում դրանք “Ժամանակավոր ներմուծում” մաքսային ռեժիմով:

Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կնքված մշակութային արժեքների լուսանկարների մեկ օրինակը պահվում է մաքսային մարմնում, մեկը տրվում է հայտարարատուին:

Մշակութային արժեքների կնքված լուսանկարները հիմք են հետագայում մաքսային ձևակերպումների նպատակով դրանց նույնականացման համար: Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինն իրավասու է իրականացվող աշխատանքներին ՀՀ օրենսդրութամբ սահմանված կարգով ներգրավելու պետական իրավասու մարմինների մասնագետների և փորձագետների:

Վերականգնելու նպատակով մշակութային արժեք «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծելիս հայտարարատուն կամ նրա լիազորված ներկայացուցիչը վերականգնվող մշակութային արժեքի մասին տեղեկանք ստանալու համար լիազորված պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
  • հայտ, որում պետք է նշվեն հայտարարատուի անունը կամ անվանումը, բնակության վայրը, հեռախոսահամարը և մշակութային արժեքի ներմուծման նպատակը.
  • մշակութային արժեքի վերականգնման պայմանագրի պատճենը, որում պետք է նշում լինի այն մասին, որ վերականգնումն իրականացնում է պայմանագրի կողմ հանդիսացող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, և որ վերականգնման արդյունքը պետք է հանձնվի հայտարարատուին կամ նրա կողմից նշված երրորդ անձին: Բացի դրանից` պայմանագրում պետք է ներառված լինեն նաև վերականգնվող մշակութային արժեքի, ինչպես նաև վերականգնման արդյունքի մանրամասն նկարագրությունները (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերը` լուսանկարը կամ նկարը).
  • վերականգնվող մշակութային արժեքի 2 լուսանկար: 
Լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում) 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է վերականգնման նպատակով ժամանակավորապես ներմուծվող մշակութային արժեքի մասին համապատասխան տեղեկանք: Տեղեկանքում նշվում են վերականգնվող մշակութային արժեքի տվյալները (տեսակը, անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, չափերը (քաշը), բաղկացուցիչ մասերի թիվը, վիճակը): Տեղեկանքին կցվում է վերականգնվող մշակութային արժեքի լուսանկարը` կնքված և վավերացված ստորաբաժանման ղեկավարի կողմից:

Հայտարարատուն կամ նրա լիազորված ներկայացուցիչը մշակութային արժեքի վերականգնման մասին տեղեկանքն ու լուսանկարը (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերը` լուսանկարը կամ նկարը) ներկայացնում է մաքսային մարմին` մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար:

Մշակութային արժեքի վերականգնման մասին տեղեկանքի և լուսանկարի (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերի` լուսանկարի կամ նկարի) հիման վրա մաքսային մարմինը մշակութային արժեքը ձևակերպում է «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով:

Վերականգնված մշակութային արժեքը վերաարտահանելու համար հայտարարատուն ստորաբաժանում է ներկայացնում այն և դրա վերականգնման աշխատանքների հաջորդական ընթացքի յուրաքանչյուր քառորդ փուլը փաստող մեկական ու վերջնական տեսքի 2-ական լուսանկար:

Ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում մշակութային արժեքը համեմատում է դրա սկզբնական, ինչպես նաև վերականգնման ընթացքի հաջորդական փուլերն ու ավարտը փաստող լուսանկարների հետ և անհամապատասխանությունների բացակայության դեպքում տալիս է տեղեկանք այն մասին, որ վերաարտահանվող մշակութային արժեքը «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունքն է:

Վերոնշյալ գործողությունն իրականացնելուց հետո մշակութային արժեքի վերականգնման ավարտը փաստող մեկ լուսանկարը և նույնականությունը հավաստող տեղեկանքը վավերացվում և կնքվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից ու տրամադրվում հայտարարատուին` մաքսային մարմին ներկայացնելու համար:

Մշակութային արժեքի վերականգնման ավարտը փաստող լուսանկարի տվյալների և նույնականությունը հավաստող տեղեկանքի հիման վրա մաքսային մարմինը ձևակերպում է մշակութային արժեքի վերաարտահանումը:

«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքին չհամապատասխանող` վերաարտահանման համար այլ մշակութային արժեք ներկայացնելու դեպքում ստորաբաժանման ղեկավարը դրա մասին անհապաղ գրավոր իրազեկում է իրավասու մարմիններին:

Մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետությունից արտահանվում են ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրված արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա:

Պարզեցված կարգով` առանց արտահանման իրավունքի վկայագրի կամ ՀՀ մշակույթի նախարարության կնիքով վավերացված լուսանկարի արտահանվում են հետևյալ մշակութային արժեքները և մշակութային նշանակության առարկաները.
  • մինչև 50 տարվա վաղեմություն ունեցող կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի թվակիր և ստորագրված ստեղծագործությունները (ներառյալ` մշակութային արժեքները).
  • մինչև  75 տարվա վաղեմություն ունեցող թվակիր մշակութային նշանակության առարկաները:
Բացառություն են կազմում վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ստեղծագործությունները, որոնց ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի թիվ 1348-Ա որոշմամբ: Նշված ցանկում ընդգրկված հեղինակների ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա:

Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի տրման կարգը և վկայագրի ձևը հաստատված են ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի թիվ 981-Ն որոշմամբ:

Մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների արտահանումը ՀՀ տարածքից արգելվում է` անկախ դրանց ստեղծման ժամանակից կամ պատկանելությունից:

Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1643-Ն որոշմամբ:


«Մշակութային արժեքների արտահանման եվ ներմուծման մասին» 06.12.2004թ. ՀՕ-176-Ն օրենք


Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Մշակութային արժեքների եվ մշակութային նշանակության առարկաների արտահանումը կարգավորելու մասին» թիվ 245-Ն որոշում


Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը եվ ձեվը հաստատելու մասին» թիվ 981-Ն որոշում


Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը սահմանելու մասին» թիվ 1643-Ն որոշում


Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը սահմանելու մասին» թիվ 827-Ն որոշում