Ապրանքի ծագման երկիր
Աշխարհի ցանկացած պետություն, ելնելով իր տնտեսական շահերից, համաշխարհային տնտեսությունում իր ունեցած դիրքից, սեփական արտադրողների շահերից, որոշ երկրների նկատմամբ կիրառում է ավելի մեղմ առևտրային ռեժիմ, իսկ որոշների նկատմամբ` ավելի խիստ: Արտաքին առևտրում նշված քաղաքականությունն իրականացվում է որոշակի երկրի արտադրանքը հանդիսացող և տվյալ երկիր ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային և ոչ սակագնային կարգավորում իրականացնելու միջոցով: Այս նպատակով կիրառվում է «Ապրանքի ծագման երկիր»  հասկացությունը:

Ապրանքի ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ դա ամբողջությամբ արտադրվել է կամ վերջին անգամ ենթարկվել է բավարար վերամշակման` համաձայն օրենսդրությամբ սահմանված չափանիշների:

Անհրաժեշտության դեպքում, որպես ծագման երկիր կարող է դիտվել երկրների խումբը, մաքսային միությունը, աշխարհի կամ որևէ երկրի տարածաշրջանը:

ՀՀ ապրանքների ծագման երկրի որոշումն իրականացնում է ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմինը, տվյալ պահին` ՀՀ առևտրաարդյուանբերական պալատը:

ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծագման երկիրը որոշվում է դրանց նկատմամբ սակագնային և ոչ սակագնային կարգավորման, մաքսային վիճակագրության վարման և ծագման երկրի վկայականների և (կամ) հավաստագրերի տրամադրման նպատակով:

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է «ԱՊՀ շրջանակներում Ապրանքների Ծագման Երկրի որոշման Կանոնների Համաձայնագրի» անդամ,  համաձայն որի. տվյալ Համաձայնագրի անդամ երկրների ռեզիդենտ հանդիսացող կազմակերպությունների կողմից այդ երկրներից ծագած և տվյալ երկրներից մեկի մաքսային տարածքից մյուսի մաքսային տարածք ներմուծված ապրանքների հայտարարագրման ժամանակ, CT-1 ձևի ծագման երկրի հավաստագրի ներկայացման դեպքում, տրամադրվում է մաքսատուրքից ազատման արտոնություն: