Ակցիզային հարկով հարկվող ապրանքների դրոշմավորումը
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հոկտեմբերի 26-ի N 662 որոշմամբ
 
Կ Ա Ր Գ 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ
ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ
ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ
(Վերնագիրը խմբ. 14.04.05 N 582-Ն)


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների (այսուհետ՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ) ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգը։
(1-ին կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)
2. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը նշված է սույն կարգի N 1 հավելվածում:
(2-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)
3. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը պարտադիր պայման է մաքսային մարմինների կողմից նշված ապրանքները «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով բաց թողնելու համար` բացառությամբ սույն որոշմամբ նախատեսված դեպքերի:
(3-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)
4. Արգելվում է ներմուծողի կողմից սույն կարգին համապատասխան ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց` բացառությամբ «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ակցիզային դրոշմանիշերն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:
(4-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)
5. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների՝ սույն կարգին համապատասխան դրոշմավորման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է այդ ապրանքները ներմուծողը (հայտարարատուն):
(5-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)
 
II. ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ 
6. Հայաստանի Հանրապետություն դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք (հայտարարատուները) ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում վերադաս մաքսային մարմնից, նախքան նշված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 662 որոշման 4-րդ կետով նախատեսված և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադրոշմավորման դեպքերի:
(6-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)
7. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սահմանված կարգով չգրանցված անձանց (այդ թվում՝ օտարերկրյա) ակցիզային դրոշմանիշերի տրամադրումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 662 որոշման 4-րդ կետով նախատեսված դեպքերի:
(7-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)
8. Ներմուծողը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար վերադաս մաքսային մարմին է ներկայացնում՝
ա) դիմում՝ ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար, ոգելից խմիչքների համար՝ համաձայն սույն կարգի N 2 հավելվածի, ծխախոտի արտադրանքի համար` համաձայն սույն կարգի N 2-1 հավելվածի.
(«ա» ենթակետը փոփ. 25.09.08 N 1073-Ն)
բ) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը (առկայության դեպքում՝ հավելվածներով և աղյուսակներով), իսկ պայմանագիրն օտար լեզվով կազմված լինելու դեպքում (հավելվածներով և աղյուսակներով)՝ նոտարական վավերացմամբ դրանց հայերեն թարգմանության պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը և հետագա ներմուծումը: Պայմանագրում նշվում է ներմուծման ենթակա ապրանքի անվանումը, տեսակը, տարան (փաթեթավորումը), քանակը, գինը, իսկ ալկոհոլային խմիչքների համար` նաև սպիրտայնության տոկոսը.
(«բ» ենթակետը լրաց., փոփ. 25.09.08 N 1073-Ն)
գ) հաշվետվություն դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ սույն կարգի 13-րդ կետին համապատասխան տրամադրված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին (NN 3 և 3-1 հավելվածներ), եթե նախկինում ներմուծողի կողմից ստացվել են ակցիզային դրոշմանիշեր։
(8-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 25.09.08 N 1073-Ն)
10. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի և ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ծխախոտի արտադրանքի համար՝ 25 դրամ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 662 որոշման 4-րդ կետով նախատեսված դեպքերի:
(10-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, խմբ. 14.04.05 N 582-Ն)
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 25.09.08 N 1073-Ն)
12. Վերադաս մաքսային մարմնի համապատասխան ստորաբաժանման պատասխանատու անձն ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար գումարի վճարման իսկությունն ստուգելուց հետո դիմումի և դրա պատճենի վրա կատարում է «Գումարը վճարվել է» նշումը և հաստատում համապատասխան կնիքով: 
Ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար դիմումի պատճենը տրվում է ներմուծողին, դիմումը և վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը մնում է վերադաս մաքսային մարմնում՝ սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին:
(12-րդ կետը փոփ. 08.04.04 N 540-Ն, խմբ. 14.04.05 N 582-Ն, փոփ., լրաց. 25.09.08 N 1073-Ն)
13. (13-րդ կետն ուժը կորցրել է 25.09.08 N 1073-Ն)
14. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ակցիզային դրոշմանիշերի տրամադրման ժամկետը երկարաձգելու մասին վերադաս մաքսային մարմինը տեղեկացնում է դիմողին և մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմնին: Ներմուծողը դրոշմանիշերն ստանալու 90 օրվան հաջորդող կամ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով դրոշմանիշերի տրամադրման ժամկետի երկարացման դեպքում այդ ժամկետներին հաջորդող 10-օրյա ժամկետում վերադաս մաքսային մարմին է ներկայացնում հաշվետվություն (NN 3 և 3-1 հավելվածներ) դրոշմանիշերի օգտագործման մասին: 
(14-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն, լրաց., փոփ. 25.09.08 N 1073-Ն)
15. Ակցիզային դրոշմանիշերն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ենթակա են հայտարարագրման` «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով կամ հանձնման` մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 662 որոշման 4-րդ կետով նախատեսված դեպքերի: 
(15-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)
16. Վերադաս մաքսային մարմինը ներմուծողին ակցիզային դրոշմանիշեր կարող է տրամադրել պայմանագրով՝ յուրաքանչյուր ապրանքատեսակի համար նախատեսված թվի առավելագույնը՝ 110 տոկոսի չափով:
(16-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 08.04.04 N 540-Ն, խմբ. 14.04.05 N 582-Ն)
17. Ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են ներմուծողի լիազորած անձին՝ լիազորագիրը և անձնագիրը ներկայացնելու դեպքում: Ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են համապատասխան հաշիվ-ապրանքագրով (N 4 հավելված), որը ներմուծողի կողմից մաքսային ձևակերպումն իրականացնող մաքսային մարմին է ներկայացվում ակցիզային դրոշմանիշերը «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով հայտարարագրման ժամանակ:
(17-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)
18. (18-րդ կետն ուժը կորցրել է 25.09.08 N 1073-Ն)
19. Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատունը դրոշմավորման ենթակա ապրանքների յուրաքանչյուր տեսակի համար ըստ ներմուծողների վարում է ակցիզային դրոշմանիշերի շարժի (տրամադրման և հետընդունման) հաշվառման քարտեր, ըստ դրոշմանիշերի տեսակի, քանակի, սերիայի և համարի (N 5 հավելված):
(19-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն, փոփ. 25.09.08 N 1073-Ն)
 
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄԸ 
20. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 662 որոշման 4-րդ կետով նախատեսված և վերադրոշմավորման դեպքերի:
(20-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, խմբ. 14.04.05 N 582-Ն)
21. Դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը կատարվում է ինքնասոսնձվող դրոշմանիշերով կամ ապրանքի վրա սոսնձման միջոցով փակցնելով դրոշմանիշը՝ սույն կարգի N 6 հավելվածում նշված տեղում և ձևով: Ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող սոսինձը պետք է բացառի ակցիզային դրոշմանիշերի կրկնակի օգտագործման հնարավորությունը՝ առանց վնասելու ակցիզային դրոշմանիշի ամբողջականությունը:
Դրոշմավորված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմանիշ:
(21-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, խմբ. 14.04.05 N 582-Ն, լրաց. 25.09.08 N 1073-Ն)
22. Արգելվում է դրոշմավորումը կատարել սույն կարգի N 6 հավելվածում նշված ձևերին չհամապատասխանող տեսքով:
Արգելվում է հաստատված նմուշի դրոշմանիշերի վրա կատարել նշագրումներ (կնիքներով, դրոշմակնիքներով կամ այլ կերպ), դրոշմանիշերը կամ դրա մի մասը ծածկել անթափանց թաղանթներով:
(22-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)

IV. ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
23. Մաքսային մարմնում դրոշմավորման ենթակա ապրանքների` ուղեկցող մաքսային փաստաթղթերը (փոխադրման ամփոփագիրը) լրացնելիս «Մաքսային նշումները» մասում նշվում են ակցիզային դրոշմանիշերի տեսակը, թիվը, դրանց ստացման հաշիվ-ապրանքագրի համարն ու տալու օրը:
(23-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)
24. Ի լրումն ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի՝ մաքսատուն են ներկայացվում նաև ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին հայտարարատուի դիմումն ու դրանց ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը:
(24-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)
25. Մաքսային մարմնի պաշտոնատար անձն ապրանքների մաքսային զննման ժամանակ ստուգում է նաև ակցիզային դրոշմանիշերի` սույն կարգի 21-րդ կետով նախատեսված դրոշմավորման կանոններին համապատասխանությունը:
(25-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)
26. Մաքսային ձևակերպումների ժամանակ մաքսային հայտարարագրում կատարվում են համապատասխան նշումներ ակցիզային դրոշմանիշերի տեսակի, քանակի ստացման հաշիվ-ապրանքագրի համարի և տալու օրվա մասին:
(26-րդ կետը լրաց. 19.12.02 N 2079-Ն, խմբ. 14.04.05 N 582-Ն)
 
V. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ 
27. Չօգտագործված կամ վնասված դրոշմանիշերը ենթակա են վերադարձման մաքսային մարմիններ: Ընդ որում, դրանց հետընդունման ժամանակ վերադարձվում են ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարները, եթե «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված ակցիզային դրոշմանիշերի տրամադրման ժամկետներում ապրանքները կամ ակցիզային դրոշմանիշերը ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն, և չեն խախտվել սույն կարգի 29-րդ և 30-րդ կետերի պահանջները:
(27-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն, փոփ. 25.09.08 N 1073-Ն)
28. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետներում դրոշմանիշերը Հայաստանի Հանրապետություն չներմուծելու կամ մասնակիորեն ներմուծելու դեպքում մաքսային մարմիններն իրականացնում են չներմուծված ակցիզային դրոշմանիշերի թվին համապատասխան ապրանքների ներմուծման համար օրենքով սահմանված ակցիզային հարկի գանձում և փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(28-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն, փոփ. 25.09.08 N 1073-Ն)
29. Ներմուծողն ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին սույն կարգի 14-րդ կետում նշված հաշվետվությունը ներկայացնելու համար սահմանված ժամկետում վնասված կամ չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը պարտավոր է ներկայացնել մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմին: Ընդ որում, վնասված ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա՝ ապահովելով հետևյալ պայմանները՝
ա) ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցվեն առանց ծալքերի և անհարթությունների.
բ) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի սերիան, համարը և դրա կենտրոնական մասը.
գ) ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն.
դ) ներմուծողի կողմից վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում՝ հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:
(29-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)
30. Ներմուծողը չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար մաքսատուն է ներկայացնում՝
ա) դիմում՝ ակցիզային դրոշմանիշերի և դրանց համար վճարված գումարի վերադարձման համար՝ դրանում առանձին նշելով ակցիզային դրոշմանիշերի վերադարձման պատճառները.
բ) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման հաշիվ-ապրանքագրի պատճենը.
գ) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար ներկայացվող դիմումի պատճենը.
դ) չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը:
Մաքսատունն ստուգում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի պահանջներին, ընդունում ակցիզային դրոշմանիշերը և 2 աշխատանքային օրվա ընթացքում վերադաս մաքսային մարմին ներկայացնում առաջարկություն չօգտագործված ու վնասված ակցիզային դրոշմանիշերի գումարը վերադարձնելու վերաբերյալ: Վերադաս մաքսային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում և ընդունում է որոշում հետ ընդունված ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը վերադարձնելու մասին, եթե դրանք համապատասխանում են սույն կարգի պահանջներին: Ընդ որում, չօգտագործված ակզիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը վերադարձվում է, իսկ վնասված ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը վերադարձվում է՝ նվազեցնելով նույն ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով:
Սույն կետում նշված` հետ ընդունված ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը չի վերադարձվում, երբ դրանք չեն ներկայացվել սույն կարգի պահանջներին համապատասխան: Դրա մասին վերադաս մաքսային մարմինը տալիս է եզրակացություն՝ նշելով մերժման պատճառները:
(30-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)
31. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը չվերադարձնելու դեպքում մաքսատունն իրականացնում է օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրում նշված` ներմուծման ենթակա չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշերի քանակին համապատասխան ապրանքների ներմուծման համար օրենքով սահմանված ակցիզային հարկի գանձում և փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(31-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)
32. Հետագայում «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված ակցիզային դրոշմանիշերի տրամադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում գանձվում է օրենքով սահմանված կարգով ներմուծված ապրանքների համար հաշվարկված պարտադիր վճարների (հարկերի, պարտադիր այլ վճարների) գումարների և սույն կարգի 31-րդ կետում նշված կարգով վճարված ակցիզային հարկի գումարի տարբերությունը: Այդ տարբերությունը բացասական լինելու դեպքում այն ենթակա է վերադարձման կամ հաշվանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված ժամկետում ապրանքների չներմուծման, ինչպես նաև չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի ներմուծման դեպքում հաշվարկված և վճարված պարտադիր վճարների, հարկերի և այլ վճարների գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման:
(32-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն, փոփ. 25.09.08 N 1073-Ն)
 
VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
33. «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքները ենթակա չեն դրոշմավորման: 
(33-րդ կետը լրաց. 08.04.04 N 540-Ն, խմբ. 14.04.05 N 582-Ն)
34. Չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքները «Տարանցիկ փոխադրում» ռեժիմով տեղափոխվելու դեպքում ենթակա են պարտադիր մաքսային ուղեկցման:
(34-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 08.04.04 N 540-Ն, խմբ. 14.04.05 N 582-Ն)
35. Չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքների ժամանակավոր ներմուծում կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ ապրանքները ներմուծվում են նմուշային քանակով՝ ցուցահանդեսներում, տոնավաճառներում, միջազգային հանդիպումների կամ համանման այլ միջոցառումների ժամանակ ցուցադրելու համար՝ վերադաս մաքսային մարմնի հետ համաձայնեցված քանակով:
(35-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, խմբ. 14.04.05 N 582-Ն)
36. Նախկինում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» ներմուծված դրոշմավորված ապրանքների արտահանման (վերաարտահանման) դեպքում ակցիզային դրոշմանիշերը վնասվում են, որպեսզի անհնար դառնա այդ ապրանքների օգտագործումը (իրացումը) Հայաստանի Հանրապետության տարածքում:
(36-րդ կետը խմբ. 08.04.04 N 540-Ն, 14.04.05 N 582-Ն)
37. Մաքսային հսկողության ներքո գտնվող դրոշմավորված` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից հետարտահանման դեպքում ակցիզային դրոշմանիշերը մաքսային հսկողության ներքո՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի ներկայությամբ վնասվում են: Ակցիզային դրոշմանիշերի վնասման մասին կազմվում է արձանագրություն՝ վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, որը ներմուծողը ներկայացնում է ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ: Նշված կարգով վնասված դրոշմանիշերը համարվում են վերադարձված վնասված ակցիզային դրոշմանիշեր: Դրոշմանիշերի վնասումից հետո հետ արտահանվող ապրանքները ենթակա են պարտադիր մաքսային ուղեկցման՝ մինչև արտահանման մաքսային կետ:
(37-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)
 
VII. ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
38. Դրոշմավորման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում են մաքսային մարմինները, իսկ Հայաստանի Հանրապետություն ներմուծված դրոշմավորման ենթակա ապրանքների իրացման նկատմամբ հսկողությունն իրականացնում են նաև հարկային մարմինները:
(38-րդ կետը խմբ. 14.04.05 N 582-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան